Երեւանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգը եւ տեղի պահանջմունքները» թեմայով կոնֆերանս։

Գլխավոր խոսնակը «Do Something!» կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Ջոն Դին էր։ Նա պատմել է, թե ինչպես բիզնեսն էկոլոգիապես ավելի մաքուր եւ արդյունավետ դարձնել։ Նա խոսել է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հնարավորությունների մասին՝ հաշվի առնելով առկա անվտանգային եւ աշխարհաքաղաքական վտանգները։ Ջոն Դին 1989թ. հիմնել է «Rock Aid Armenia» նախաձեռնությունը, որը կոչված էր օգնելու Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին։

«Grant Thornton» ընկերության գործընկեր Ազատ Մանուկյանը պանելային երկխոսության ժամանակ կարծիք է հայտնել, որ այսօր նկատվում է կապիտալի շարժ դեպի կայուն զարգացման ոլորտ, քանի որ կա պահանջարկ։ Նրա խոսքով՝ օրենսդրական բազան եւս կարող է նպաստել այդ օրակարգի զարգացմանը։ «Բայց պետք է հասկանալ, որ բիզնեսը եւս պետք է գիտակցի այն ազդեցությունը, որը ինքն է թողնում եւ ինչպես պետք է արձագանքի մարտահրավերներին։ Ընկերությունները պետք է պատրաստ լինեն հաշվետու լինելու նոր չափորոշիչների պահպանման մասով, որոնց նկատմամբ պահանջները Հայաստանում նույնպես ներդրվելու են»,- նշել է նա։

«Green Rock Management» ընկերության մարկետինգի գծով տնօրեն Աննա Սալոմեն տեղեկացրել է այն մասին, որ Դիլիջանում կառուցվում է խոշոր բազմաֆունկցիոնալ համալիր։ «Բայց մեզ հետաքրքրում է նաեւ տարածքային զարգացումը, մենք նախաձեռնել ենք Դիլիջանի կայուն զարգացման մի շարք նախագծեր, այդ թվում գնել ենք հիբրիդային ավտոմեքենաներ։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ բիզնեսը կարող է լինել նախաձեռնող եւ ինքնուրույն իրականացնել նախագծեր։ Շինարարությունը կսկսվի այս տարի»,- ընդգծել է նա։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով փոխտնօրեն Աննա Սաղաբալյանը գոհունակությամբ նշել է, որ ընկերություններն ավելի հաճախ են ներգրավում մասնագետների ESG ոլորտում։ Նա նշել է երեք ուղղություններ, որոնք ստիպում են ընկերություններին այս օրակարգը մտցնել իրենց աշխատանքում՝ արտաքին ճնշումը թե՛ հանրության, թե՛ բաժնետերերի կողմից, բիզնեսի օրենսդրական կարգավորումը եւ նախաձեռնություն՝ մրցունակության բարձրացման նպատակով։ «ESG միջոցներին հետեւելը ֆինանսապես շահեկան է, եթե ջանքերն ուղղվեն ճիշտ ուղղությամբ։ «Կանաչ» օրակարգի ֆինանսավորումը դառնում է էլ ավելի կարեւոր։ Մեր ոլորտում 10 տարի հետո ֆինանսավորման այլ տեսակ առհասարակ չի լինի։ Լեռնահանքային ոլորտի վրա ճնշումը առավել ուժեղ է, դրա համար ընկերությունում ESG ոլորտին լուրջ ուշադրություն են հատկացնում»,- ավելացրել է Սաղաբալյանը։

«Philip Morris International» ընկերության կայուն զարգացման գծով տարածաշրջանային մենեջեր Իրինա Ժուկովան տեղեկացրել է, որ ընկերությունը 5 տարվա ընթացքում Հայաստանում ներդրել է 20 մլն դոլար։

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանն ունի լուրջ գիտական պոտենցիալ։ Ժուկովան տեղեկացրել է, որ ամբողջ աշխարհում ընկերությունն ունի երեք գիտահետազոտական ինստիտուտ, այդ թվում մեկը՝ Հայաստանում։ Այստեղ ընկերությունը բացել է ԳՀԻ, քանի որ կա հավատ Հայաստանի հիմնարար գիտության հանդեպ։

«Մենք բաց ենք նաեւ շրջանների հետ համագործակցության համար։ Մոտ 200 ուսանողի Հայաստանից ընկերությունը թոշակներ է տալիս։ Մենք իրականացնում ենք բնապահպանական եւ մշակութային նախագծեր»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։

Նա ավելացրել է, որ ընկերությունը Հայաստանում զբաղվում է նաեւ մնացորդների վերամշակմամբ։

Ժուկովան գոհունակությամբ ընդգծել է, որ երկիրը բաց է միջազգային ներդրողների համար։ Ընկերությունն ակտիվորեն աշխատում է մանրածախ գործընկերների հետ, որպեսզի տեղ հասցնի անչափահասներին ծխախոտի արտադրանքի հասանելիության անթույլատրելիության գաղափարը։ «Ամբողջ աշխարհում մարդիկ փոխարինում են ավանդական ծխախոտի արտադրանքները ավելի քիչ վնասակար արտադրանքով։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ծխողները անցնեն այնպիսի արտադրանքների, որոնք նվազագույն վնաս են պատճառում առողջությանը»,- ամփոփել է Իրինա Ժուկովան։

«Արարատբանկի» բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի պատասխանատու Ռաիսա Բաբայանը, իր հերթին, տեղեկացրել է, որ «Արարատբանկը» որդեգրել է քաղաքականություն, որը համահունչ է կայուն զարգացմանը եւ ESG ասպեկտներին։ «Դա կարող է ապահովել մրցունակություն», առանց «կանաչ» օրակարգի ապագա չկա։ «Արարատբանկի» կողմից ֆինանսավորումը էլեկտրամեքենաներ  ձեռք բերելու եւ էներգախնայող շենքերի շինարարության գործում կարող է նպաստել ռիսկերի մեղմմանը ESG ոլորտում։ Սա կօգնի նաեւ պետությանը՝ առաջ տանելու «կանաչ օրակարգը»»,- ամփոփել է նա։