Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ ժանտախտի եւ այլ հիվանդությունների համավարակները հեռավոր անցյալում անդրադարձել են Երկրի մթնոլորտի վրա։ Այս մասին են վկայում Անտարկտիդայի սառույցների ուսումնասիրման արդյունքները, որոնք հրապարակվել են Nature Communications (NatComms) գիտական ամսագրում։

Մասնագետներն ուսումնասիրել են սառցում գտնվող գազի պղպջակները եւ պատկերացում կազմել երկրային օդի բաղադրության մասին վերջին 2000 տարիներին։

Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի (CO2) մասին տվյալները հարաբերակցվում են որոշ պատմական իրադարձությունների հետ։ Օրինակ, XVI եւ XVIIդդ. սահմանագծին տեղի է ունեցել CO2-ի խտության արագ անկում՝ հասնելով նվազագույնի 1610թ.։

Այդ շրջանը համընկնում է Հին եւ Նոր Աշխարհների միջեւ արշավներին, երբ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների բնիկները դարձել են Եվրոպայից բերված հիվանդությունների զոհ։ Երբ նախագնացները վերադարձել են տուն, եվրոպացիներին բաժին է ընկել նույն ճակատագիրը՝ անծանոթ պաթոգենների հանդիպելու պատճառով։

Գիտնականների կարծիքով՝ մոլեգնող համավարակները կրճատել են բնակչության թիվն այնքան, որ ողջ մնացած մարդիկ ստիպված են եղել փախչել հիվանդությամբ համակված շրջաններից։ Ամայացած տարածքներն աստիճանաբար պատվել են անտառներով, որոնք կլանել են ավելի մեծ քանակությամբ CO2 մթնոլորտից։

«Մեր ուսումնասիրությունը հաստատում է 1516-1670թթ. CO2-ի պարունակության աստիճանական կրճատման մասին։ Բացի այդ, մոտ 2,6 մլրդ տոննա CO2 կլանվել է անտառների կողմից տասնամյակի ընթացքում։ Դա հաստատում է Ամերիկայում հողօգտագործման լայնածավալ վերակազմակերպումը Նոր եւ Հին Աշխարհների շփումից հետո»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, պալեոկլիմայաբան Էմի Քինգը։