Հարվարդի (ԱՄՆ) եւ Կառլտոնի (Կանադա) համալսարանների գիտնականները հայտնաբերել են, որ մի քանի լեզուներով խոսող մարդու ուղեղը հատուկ ձեւով է արձագանքում մայրենի լեզվին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cerebral Cortex ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է շատ լեզուների տիրապետող 34 մարդ, որոնցից յուրաքանչյուրը գոնե այս կամ այն չափով տիրապետել է հինգ եւ ավելի լեզուների, բայց երկլեզու կամ բազմալեզու չի եղել մանուկ հասակում։ Նշվել է, որ կամավորներից մեկը խոսել է 54 լեզուներով։
Փորձի ընթացքում մասնակիցները պետք է լսեին մի քանի տեքստեր ութ տարբեր լեզուներով։ Դրանց թվում էին ձայնագրություններ մասնակիցների մայրենի լեզվով, ինչպես նաեւ այն լեզուներով, որոնց նրանք լավ, չափավոր եւ վատ էին տիրապետում։ Փորձարկվողների ուղեղի ակտիվությանն այդ ընթացքում անընդհատ հետեւել են գիտնականները ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ։
Արդյունքները ցույց են տվել, որ երբ մասնակիցները լսել են ձայնագրություններն այն լեզվով, որոնց լավ են տիրապետել, ուղեղի լեզվական ցանցը ակտիվացել է ամենաուժեղ ձեւով։ Ուղեղի լեզվական ցանցն ընդգրկում է նրա տարբեր հատվածները, ներառյալ քունքային եւ մեծ կիսագնդերի կեղեւի ճակատային հատվածները։ Այդ ցանցը մասնագիտանում է խոսքի ընկալման ուղղությամբ։
Գիտնականները նաեւ պարզել են, որ մայրենի լեզուն ընկալելիս այդ համակարգը գրեթե «ջանքեր չի գործադրել» տեղեկությունը հասկանալու եւ մշակելու համար։ Հետազոտողների խոսքով, ըստ որոշակի լեզուների տիրապետման մակարդակի բարձրացման՝ լեզվական ցանցի ակտիվությունը զգալիորեն թուլանում է։





























