Նոյեմբերի 9-ին Վրաստան կմեկնի ՆԱՏՕ-ի  պատվիրակությունը` գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի գլխավորությամբ, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստն անցկացնելու նպատակով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, նիստը կկայանա նոյեմբերի 9-10-ին:Նոյեմբերի 10-ին Ռասմուսենը եւ ՆԱՏՕ-ի դեսպանները կհանդիպեն Վրաստանի խորհրդարանի պատգամավորների եւ խոսնակ Դավիթ Բակրաձեի , ինչպես նաեւ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Բացի այդ, ծրագրված են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հանդիպումները ընդդիմադիր կուսակցությունների, լրատվամիջոցների եւ ոչ կառավարական հատվածի հետ: 

Նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին Բաթումում:Դաշինքի գլխավոր քարտուղարը նաեւ կհանդիպի Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների եւ  Աֆղանստանում, Միջազգային անվտանգության աջակցության ուժերի շրջանակներում  (ISAF), վրացական ուժերի կազմում ծառայած վրաց զինվորականների հետ: