Թերթը գրում է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը փաստացի անհայտ է: 

«Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց նրա մասին որևէ կոնկրետ տեղեկություն ճշտել: Նախկինում գոյություն ունեցած «Դաշինք» կուսակցության նախկին խոսնակ Գնել Ղլեչյանն ասաց, որ չի կարող տեղեկություն տալ Սամվել Բաբայանի գտնվելու վայրի մասին: Նրա մասին տեղեկություն չուներ նաև ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, որի ղեկավարած կուսակցության հետ սերտորեն համագործակցում էր Սամվել Բաբայանը: Մեր ձեռքի տակ եղած հեռախոսահամարներով նույնպես Բաբայանի հետ կապ հաստատել չհաջողվեց: ԼՂՀ ՊՆ նախկին նախարարի մասին այլազան լուրեր են պտտվում, ըստ որոնց՝ նա հայտնվել է բավական տհաճ իրավիճակում: Ստույգ հայտնի է, որ Բաբայանը ինչ-որ նախագիծ իրականացնելու համար մեծ վարկեր է վերցրել մի քանի բանկերից եւ դրա համար գրավադրել մի շարք մարդկանց բնակարաններ, վերջիններիս համաձայնությամբ՝ իհարկե: Այդ մարդկանց թվում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, որի երեւանյան բնակարանը կարող են մոտ ապագայում բռնագրավել, եթե Սամվել Բաբայանը չհայտնվի եւ չփակի այն վարկը, որ վերցրել է «Արդշինինվեստբանկից»: Համենայնդեպս՝ Բազեյանն ինքը, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ֆինանսապես ի վիճակի չէ ինքնուրույն փակել այդ վարկը: Թե կոնկրետ, երբ է լրանում Բազեյանի տան դիմաց վերցված վարկը մարելու ժամկետը, պարզել չհաջողվեց: Լավատեղյակ մարդիկ պնդում են, թե խոսքը մի քանի ամսվա մասին է: 
Ըստ ամենայնի, դա տեղի է ունեցել այն շրջանում, երբ Բազեյանն ու Բաբայանը որոշել էին համատեղ քաղաքական գործունեություն ծավալել՝ Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության շրջանակներում: Այդ ծրագիրը, սակայն, չիրականացավ, փոխարենը երկու քաղաքական գործընկերները հայտնվեցին բավական տհաճ վիճակում: Այս պահին իրավիճակը կարող են պարզաբանել երկու հոգի: Ալբերտ Բազեյանը երեկ չցանկացավ այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն անել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: