ԱՄՆ նախագահի թեկնածու Միշել Բաքմանը կարծում է, որ նախագահ Բարաք Օբաման պետք է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից ներողություն խնդրի Սարկոզիի հետ ունեցած երկխոսության համար, որի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը անհարգալից է արտահայտվել Իսրայելի վարչապետի մասին, իսկ Ամերիկայի առաջնորդը պատասխանել է, որ ինքը ամեն օր առնչվում էՆեթանյահուի հետ:
Ըստ Associated Press-ի, Բեքմանն ԱՄՆ նախագահին կոչ է արել իսկույն ներողություն խնդրել Իսրայելի վարչապետից եւ առաջնորդի հատկություններ ցույց տալով` Սարկոզիից եւս պահանջել ներողություն խնդրել:
«Газета.Ru»-ն հիշեցնում է, որ Օբամայի եւ Սարկոզիի զրույցը կայացել է մեկ շաբաթ առաջ, բայց ֆրանսիական լրատվամիջոցները չեն հայտնել այդ մասին`իրենց նախագահին չամաչեցնելու նպատակով: Տեղեկատվությունը մամուլում տարածվել է նոյեմբերի 8-ին:
Հիշեցնենք, Նիկոլա Սարկոզին Բարաք Օբամայի հետ ունեցած անձնական զրույցում նշել է, որ «մինչեւ կոկորդը կուշտ է» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պահվածքից` նրան անվանելով ստախոս:
Բարաք Օբամայի պատասխանը, թարգմանչի ներկայացմամբ, մոտավորապես այս բովանդակությունն է ունեցել. ԱՄՆ նախագահը պետք է պարբերաբար առնչվի Իսրայելի վարչապետի հետ, անկախ նրանից, թե Ֆրանսիայի նախագահը ինչ զգացմունքներ է տածում Նեթանյահուի նկատմամբ:




























