Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վաղուց արդեն պայմանավորվածություն կա, որի համաձայն՝ մոլորված զինծառայողին, որը հայտնվել է հակառակորդի տարածքում, պետք է վերադարձնել կարճ ժամկետում։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու վերջերս մոլորված ադրբեջանցի զինվորին վերադարձրել են Բաքու՝ փոխարենը չպահանջելով ոչ մի հայ ռազմագերու։
«Այդ պայմանավորվածությունը խախտվել է կողմերի միջեւ մինչեւ 2018թ. եւ հետո, եւ ավելի շուտ խախտվել է ոչ թե պայմանավորվածությունը, այլ դրա ընկալումը. կողմերը իրավիճակի տարբեր ընկալում են ունեցել։ Այն զինծառայողների կամ պարզապես քաղաքացիների դեպքում, որոնք մոլորվել են, միտումնավոր խախտել են սահմանը, թույլ են տվել այս կամ այն արարքը, որոնք քրեորեն պատժելի են, բնականաբար, առաջ են եկել խնդիրներ այդ հարցի լուծման համար։ Ադրբեջանի նախագահի հետ մենք նորից հաստատել ենք պայմանավորվածությունը, որ եթե որեւէ մեկը մոլորվել է, ապա նրան կվերադարձնեն, եթե նա քրեորեն պատժելի արարք չի կատարել»,- հայտնել է Փաշինյանը։
Փաշինյանը նաեւ հավաստիացրել է, որ հայ գերիների հարցով, որոնք պահվում են Ադրբեջանում, ամենօրյա աշխատանք է կատարվում։





























