Զրպարտության եւ վիրավորանքի հանցակազմերի ապաքրեականցումից հետո տպագիր մամուլի դեմ ծայր առած արշավը Հայաստանում հանգեցրել է ազատ խոսքի էական սահմանափակումների, ըստ էության` գրաքննության վերականգնմանը, ինչի  ականատես ենք վերջին շրջանում։ Այս մասին նշված է Մամուլի ազգային ակումբի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Այս հանցակազմերի ապաքրեականացումը գուցե արդյունավետ եւ օգտակար է ժողովրդավարական կայացած պետություններում, սակայն Հայաստանի պես  ավտորիտար համակարգերում, պարզվում է, զրպարտության հանցակազմի քրեականացումն էր, որ պաշտպանում էր լրագրողներին իշխանությունների կողմից համակարգված իրավական հետապնդումներից։

Տպագիր մամուլի (մոտ ապագայում չի բացառվում նաեւ` տեղեկատվական, կայքերի եւ սոցիալական մամուլի) համար ստեղծվել է մի իրավիճակ, որ խնդրի լուծման միակ տարբերակը, ցավոք, մնում է Սահմանադրական դատարանում Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի քննությունը։

Մամուլի ազգային ակումբը ՄԻՊ-ին կոչ է անում դատական քննության ընթացքում նախեւառաջ հաշվի առնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իրավակիրառման պրակտիկան։ ՄԱԱ-ն պատահական չի համարում, որ տարբեր հանգամանքներ ունեցող եւ տարբեր դատավորների կողմից քննվող գործերը նույնօրինակ վճիռներով են ավարտվում։ Սա արդեն լուրջ պատճառ է զրպարտութան եւ վիրավորանքի հանցակազմը ապաքրեականացնող հոդվածն ամբողջությամբ հակասահմանադրական գնահատելու համար։

Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ ՀՀ իշխանությունները տպագիր մամուլի դեմ խաչակրաց արշավանք են սկսել։ Այս արշավանքում պարտվողը լինելու է հասարակությունը, ապա եւ` հայոց պետականությունը»: