Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 9-ին, հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Ստյորեին եւ նշել, որ այս այցը լավ հնարավորությունն է` շարունակելու դեռեւս անցյալ տարի իր Նորվեգիա կատարած այցի ժամանակ մեկնարկած երկխոսությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Յոնաս Գահր Ստյորեն գոհունակություն է հայտնել, որ իր այցելությունը համընկնում է Հայաստանում մեծ շուքով նշվող իր անվանի հայրենակից Ֆրիտյոֆ Նանսենի 150 ամյակի միջոցառումների հետ:

Նախարարներն անդրադարձել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, պայմանավորվել առավել ակտիվացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ` ԱԳՆ-ների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խթանման միջոցով:

Տնտեսական համագործակցության քննարկման ենթատեքստում Հայաստանի եւ Նորվեգիայի ԱԳ նախարարները կարեւորել են իրենց մասնակցությամբ Norsk Energi ընկերության հետ համագործակցությամբ «Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացում» հայ-նորվեգական նոր ծրագրի մեկնարկը՝ նշելով, որ այն վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման լավ հնարավորություններ է ընձեռում:

Զրուցակիցները քննարկել են կրթական ոլորտում փոխգործակցության խորացման վերաբերյալ հարցեր: Այս առումով Նորվեգիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել Նորվեգիայի ԲՈՒՀ-երում Հայաստանի քաղաքացիներին ուսուցման  առավել լայն հնարավորություններ ստեղծելու հարցը:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին` Նորվեգիայի արտգործնախարարը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացված քայլերը:

Նախարար Նալբանդյանն իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրել Հայաստան- ԵՄ հարաբերություններում արձանագրված առաջընթացը, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը:

Յոնաս Գահր Ստյորեն տեղեկացրել է իր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ Եվրոպայի հյուսիսում ընթացող քաղաքական եւ տնտեսական գործընթացների մասին: 

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Յոնաս Գահր Ստյորենն ստորագրել են «ՀՀ Կառավարության եւ Նորվեգիայի Թագավորության Կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը» եւ «Հայաստանի ԱԳՆ-ի եւ Նորվեգիայի թագավորության ԱԳՆ-ի միջեւ խորհրդակցությունների անցկացման մասին հուշագիրը»:

ԱԳՆ-ում կայացած ստորագրման արարողությունից հետո նախարարներ Նալբանդյանն ու Ստյորեն կատարել են Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշի մարումը:

Օրվա երկրորդ երկրորդ կեսին Հայաստանի եւ Նորվեգիայի ԱԳ նախարարները կմասնակցեն Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը, իսկ երեկոյան ներկա կգտնվեն Նանսենի 150-ամյակին նվիրված համերգին: