Թուրքիայի սեւծովյան շրջանի Տրապիզոն քաղաքում կառուցվող հսկայական սպորտային համալիրում ընթացող աշխատանքները բառիս բուն իմաստով ջուրն են թափվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սեւ ծովի ափին կառուցվող սպորտային համալիրը ծովի ալիքներից պաշտպանող 250 հազար տոննայանոց պատը չի դիմացել ծովի ուժեղ ալիքներին եւ փլվել է։ Ծովի ալիքները լցվելով 850 հազար քմ շինարարական տարածք՝ փլել եւ իրենց հետ տարել են մոտ 100 հազար տոննա քարեր եւ այլ շինանյութեր։
Սպորտային համալիրի շինարարական աշխատանքները իրականացնող ընկերության տնօրենը նշել է, թե ամռանը դատարանի որոշմամբ շինարարությունը կանգնեցվել էր, ինչի հետեւանքով իրենք չէին հասցրել ուժեղացնել ծովի ալիքներից համալիրը պաշտպանող 2 հազար մետրանոց հսկա պատը։ Նա շեշտել է, որ բնությունն իրենց 6 մլն լիրայի (3,5 մլն դոլար) վնաս է հասցրել։


























