«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են «Բնություն, թե փող» ահազանգերի շարքը, որի շրջանակներում մոտակա օրերին իրականացվելու է «Սեւան, թե GeoProMining Gold» ցիկլը:

Նրանց համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք: Սեւանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սեւանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, եւ սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, եւ այդ պարտքը պետք է վերադարձնենք նաեւ այն ակնկալիքով, որ Սեւանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ. ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ընթացքում

Որպես ասվածի ի կատար ածում, 2009թ. կասեցվեց Սեւանի ջրահավաք ավազանում` Սոթքում, վերամշակման համալիրի կառուցումը: Այդ նախագիծն ահռելի ռիսկեր էր պարունակում Սեւանի համար (միլիոնավոր տոննաներով լցակույտեր, թունավոր միացություններով փոշի, ցիանային պոչամբար եւ այլն):

Նախագծի լոբինգը կատարվում էր ոսկի արդյունահանող «GeoProMining Gold» ընկերության կողմից եւ ուներ իր «հովանավորները»` չնայած այն բանին, որ նման գործունեության իրականացումն ուղղակիորեն արգելված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով:

Ընկերությունն այն ժամանակ չանսաց հասարակության կարծիքին, բայց, միեւնույն ժամանակ, ռիսկ չարեց գնալ երկրի առաջին դեմքի դեմ: Հասարակությունը նշեց իր հաղթանակը:

Չնայած դրան, երկու տարի անց «GeoProMining Gold»-ը, այնուամենայնիվ, մասնակիորեն իրականացրեց իր մտածածը: Արդեն առանց որեւէ նախագծի կառուցվեց «արտադրամաս» բաց երկնքի տակ`ջարդող-տեսակավորող համալիր:

Սակայն այդ ակնհայտ ապօրինի օբյեկտով, որն այս պահին ողջ թափով աշխատում է, որեւէ մեկը չզբաղվեց: Երկրի օրենքները խախտած, 34 միլիարդ խմ ծավալով քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը վտանգի ենթարկած ընկերության գործունեությունը նույնիսկ տեսչական ստուգումներ չանցավ:

Փաստացի, ստացվում է, որ պաշտոնյա այրերը Սեւանին պարտքը վերադարձնել չեն պատրաստվում: Պարտքը, որը սահմանված է իրենց պարտականություններով եւ զբաղեցրած դիրքով:

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում են Բնապահպանության նախարարին` պարոն նախարար, մի՛ զբաղվեք այդ խնդրի ուսումնասիրմամբ, այն վաղուց ուսումնասիրված է: Խնդիրն ունի մեկ լուծում` ջարդող-տեսակավորող համալիրը պետք է ապամոնտաժվի, իսկ «GeoProMining Gold»-ը պատժի ենթարկվի: Հակառակ դեպքում, Սեւանի էկոհամակարգի հաշվին իրականացվող այս ապօրինությունների պատասխանատվությունը պետք է կիսեք եւ Դուք»: