ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հանձնաժողովը Պաղեստինին ՄԱԿ-ի շարքերում ընդգրկելու հարցում  համաձայնության չի եկել: ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության մեջ ասվում է, որ նոյեմբերի 8-ին կայացած նիստի  15 մասնակիցներն ընդհանուր հայտարարի չեն եկել Պաղեստինի ինքնավարության ներկայացրած  ՄԱԿ-ի անդամ դառնալու հայտն ընդունելու հարցում:

Ըստ Associated Press-ի`  ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները կարծում են, որ ինքնավարությունը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին, եւ մտադիր են վետո դնել, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ը հայտին ընթացք տա: Նրանց ընդդիմադիրները, այդ թվում` Ռուսաստանը, պնդում են Պաղեստինի անդամակցության հնարավորությունը:

Հանձնաժողովի զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պետք է ներկայացվի ուրբաթ օրը` նոյեմբերի 11-ին: Բացառված չէ, որ մինչ այդ այն կվերանայվի, հայտնում է Reuters-ը:

Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբբասը դիմել է ՄԱԿ-ին` սեպտեմբերի 23-ին Պաղեստինը անկախ պետություն ճանաչելու խնդրանքով: ՄԱԿ-ի անդամ դառնալու որոշումը կայացնում է Գլխավոր համաժողովը, որում ընդգրկված են 193 պետություններ, սակայն նախապես իր համաձայնությունը պետք է տա Անվտանգության խորհուրդը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով միավորված ազգերի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Պաղեստինի ինքնավարությանը կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ է շնորհել: Փորձագետները նշում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դառնալը մեծացնում է Պաղեստինն անկախ պետություն հռչակելու հնարավորությունը: