Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` նոյեմբերի 9-ին, վերջակետ դրեց դեռեւս հուլիսին Հրազդան եւ Արմավիր քաղաքներում հսկիչ գնումների հետեւանքով հարուցած վարչական վարույթներին:

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ էր մարզերում նման վերահսկողական միջոցառում իրականացնում, թեեւ, եթե անկեղծ լինենք, մարզերում սպառողների իրավունքների պաշտպանության հարցը շատ ավելի վիճահարույց է, քան Երեւանում:

Բնականաբար` ստուգման ենթարկված բոլոր սուպերմարկետներում էլ հայտնաբերվեցին կոպիտ խախտումներ: Ապրանքների մի մասի վրա չկար արտադրության ժամկետի կամ պիտանելիության մասին տեղեկատվություն, շատ էին ժամկետամց ապրանքները, կամ հայերեն մակնշում չունեցող ներմուծված ապրանքները: Որոշ պարենային ապրանքներ էլ պարզապես պատշաճորեն փաթեթավորված չէին, ինչպես Գետամեջի թռչնաֆաբրիկայի հավերը:

Ընդհանուր առմամբ` ՏՄՊՊՀ վարույթում ընդգրկվեցին 23 օրինախախտ տնտեսվարողներ, թեեւ նշենք, որ այդ տնտեսվարողների մի մասը երեւանյան գրանցում ունի:

Դատելով այն հաղորդագրությունից, որ ստացվել է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, տույժ ու տուգանք կիրառվել է ոչ բոլորի նկատմամբ: Այսինքն` հատկապես մարզերում գտնվող փոքր սուբյեկտները (թվով 16 տնտեսվարող) ոչ թե տուգանվել են, այլ խիստ նախազգուշացում են ստացել: ՏՄՊՊՀ-ն ելել է այն իրողությունից, որ տվյալ տնտեսվարողները առաջին անգամ են կատարում նման իրավախախտում, ունեն արտադրական փոքր ծավալներ եւ շուկային հասցված վնասն էլ բավական փոքր է: Բացի այդ` բոլոր տնտեսվարողներն էլ վարույթի ընթացքում վերացրել են իրավախախտումը:

Իսկ տուգանվել են հետեւյալ ընկերությունները` «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա»` 1 մլն դրամ, «ՄՎ Քեմիքլ գրուպ»` 1 մլն դրամ (լվացող,մաքրող միջոցների, հիգիենայի պարագաների ներմուծում եւ իրացում), «Արմեն-Համիկ»` 1 մլն դրամ (սուրճ, հավ, հավի կիսաֆաբրիկատներ, ձավարեղեն), «Նարիմ»` 700 հազ. դրամ (տնտեսական ապրանքների ներմուծում), «Կրասկի սեյսի» ընկերություն` 700 հազ. դրամ, «Ալվարդ Վարդանյան» ` 700 հազ. դրամ (շոկոլադապատ ձողիկներ), «Ֆելիքս-Սարգ»` 700 հազ. դրամ («Դոշիրակ» անվանումով արագ պատրաստման լապշա):

Տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 5.8 մլն դրամ:

Այսպիսով` ՏՄՊՊՀ-ն ստեղծում է մի հետաքրքիր նախադեպ` վերահսկողության իրականացում մարզերում: Կարծում ենք` դա պետք է շարունակական լինի, քանի որ մարզերի մեծ մասում բավական լուրջ հիմնախնդիրներ կան: Հետաքրքիր է, որ մարզային իշխանությունները կարծես թե շահագրգռված են ՏՄՊՊՀ ստուգումներով, ինչը թերեւս չի կարելի ասել համայնքային իշխանությունների մասով: Բոլոր դեպքերում` սպառողները, որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն, շահագրգռված են մանրածախ առեւտրի ցանցում կարգուկանոնի հաստատմամբ` անբարեխիղճ մրցակցության եւ սպառողներին մոլորության մեջ գցելու երեւույթների վերացման միջոցով:

Սամվել Ավագյան