Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր` նոյեմբերի 9-ին, կառավարությունում տեղի է ունեցել հակակոռուպցիոն խորհրդի նիստ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գեորգի Կուտոյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարաության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի գործառույթների լիարժեք իրականացման հիմնահարցերը:  

Խորհուրդը քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2010-2011 թվականների առաջին կիսամյակի հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացման հաշվետվությունները, որոնց համաձայն՝ վերը նշված ժամանակահատվածում 2008 եւ 2009 թվականների համեմատ Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

Այնուհետեեւ, ՀՀ վարչապետի օգնական Եղիշե Կիրակոսյանը հանդես է եկել տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի վերաբերյալ ընդունված զեկույցի հիմնադրույթների եւ դրանց համատեքստում համապատասխան առաջարկությունների ներկայացմամբ:

Վարչապետը հանձնարարել է խորհրդի անդամներին քննարկել դրանք  եւ ներկայացնել առաջարկություններ՝ վերջիններիս կատարողականի իրականացման  նպատակով: