Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 9-ին, մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) համագումարին եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
Ստորեւ ներկայացնում ենք նախագահի խոսքը.
«Մեր նպատակը կազմակերպված եւ իր ուժերին վստահ հասարակության կայացումն է, որի կենտրոնում մարդն է: Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար: Դա բնական է եւ հենց դա է առաջընթացի քարշիչ ուժը:
Գործարարին է վերապահված ռեսուրսները համախմբելու եւ նոր արժեք ստեղծելու առաքելությունը: Մեր երկրի աշխարհագրական առանձնահատկություններն ինչ-որ տեղ օբյեկտիվորեն կաշկանդում են գործարարության զարգացումը եւ գործունեության բազմազանությունը: Սովորաբար փոքր ներքին շուկաները սահմանափակում են արտադրության եւ մատակարարման համար պահանջվող նվազագույն ծավալները եւ նվազեցնում տնտեսական արդյունավետությունը: Սա իրողություն է, սակայն մենք դրանից եւ նման այլ խոչընդոտներից թեւաթափ լինելու իրավունք չունենք: Հայկական արտադրանքի եւ ձեռնարկությունների ընդլայնումն ու զարգացումը պետք է կարողանանք մղել ոչ միայն ներքին, այլ արտաքին, այսինքն` համաշխարհային շուկայի ուղղությամբ:
Արտաքին շուկաներն անսահման մեծ են, ուստի եւ պետք է լինեն մեր տնտեսական աճի ու զարգացման մշտական թիրախը: Ճիշտ է` արտահանումը նաեւ պահանջում է բարդ, ծավալուն արժեքաստեղծ շղթա պարունակող արդիական արտադրությունների կազմակերպում: Մեզ համար կարեւոր են նոր գիտելիքներ եւ կարողություններ ունեցող մարդիկ, իհարկե կպահանջվեն նոր որակավորման աշխատուժ, տեխնոլոգիաներ եւ, անշուշտ, ներդրումներ:
Որպես փոքրածավալ շուկա ունեցող երկիր` մենք պետք է կարողանանք դառնալ համաշխարհային զարգացած արդյունաբերական համակարգի մասնագիտացած մասը, ինչը թույլ կտա ապահովել մեր ներքին զարգացումը եւ աճը: Հենց այստեղ է անհրաժեշտ փոխակերպումը: Մենք պարտավոր ենք ընդառաջ գնալ ժամանակակից աշխարհի պահանջներին, վերաիմաստավորել մեր գործելակերպը, ակնկալիքներն ու վարքագիծը:
Այո՛, մեր հետագա տնտեսական աճի եւ զարգացման երկարաժամկետ երաշխիքը փոխակերպումն է:
Այո՛, մենք տնտեսական աճի եւ զարգացման խնդիր ունենք: Ընդ որում, այդ խնդիրն ավելին է, քան պարզապես արտադրությունների եւ զբաղվածության աճը: Տնտեսական զարգացումն այսօր ազգային անվտանգության նշանակություն ունի: Տնտեսական զարգացմամբ ենք միայն բարելավելու մարդու կյանքը, վերացնելու առկա բացասական երեւույթները, շարունակաբար ուժեղացնելու մեր պետականությունը: Այդ խնդիրը համընդհանուր է եւ որեւէ մեկի մենաշնորհը չէ:
Այո՛, մենք պետք է փոխվենք, որ կարողանանք մրցակցել, արտադրել, արտահանել, եկամուտներ ստեղծել, իրականացնել սոցիալական եւ մշակութային նոր ծրագրեր: Մենք պետք է ձեւավորենք ստեղծող հասարակություն, որտեղ գերիշխում են աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, փոխադարձ վստահությունը եւ աշխատանքով ստեղծելու ձգտումը:
Այո՛, մենք կանգնած ենք նոր սկզբի առջեւ: Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը եւ ընդհանուր առմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել եւ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի շահը: Պետությունը եւ գործարարը պետք է հանդես գան որպես վստահելի գործընկերներ, քանի որ հակառակ դեպքում անարդյունավետ է լինելու մասնավոր ձեռներեցությանն աջակցելու որեւէ ծրագրի իրագործումը:
Անշուշտ, բիզնեսին հարկավոր են քաղաքական կայունություն եւ կայուն տնտեսական միջավայր. մենք մեր քայլերով երկուսն էլ ապահովելու ենք: Տնտեսական կայունության առումով ավելի առաջ ենք գնալու` ապահովելով ոչ միայն գնաճի մակարդակի ու ֆինանսական համակարգի կայունությունը, այլեւ տարեցտարի կրճատելու ենք պետբյուջեի դեֆիցիտ-համախառն ներքին արդյունք հարաբերակցության մակարդակը: Վերջինս ավելացնելու է ամրության մեր պաշարը եւ 2012 թվականի բյուջեի նախագիծն այդ մասին է խոսում:
Բիզնեսին հարկավոր է բարենպաստ գործարար միջավայր. մենք դա ապահովելու ենք: Արդեն դրել ենք երկրների գործարար միջավայրների ազատությունը բնութագրող միջազգային սանդղակում կտրուկ վեր բարձրանալու գործընթացի սկիզբը: Ընդ որում, անցած տարի փաստորեն Հայաստանն աշխարհի թերեւս միակ երկիրն էր, որն առաջընթաց էր արձանագրել ազատության աստիճանը բնութագրող բոլոր ուղղություններով: Այս հարցում ես ակնկալում եմ նոր` ավելի էական ձեռքբերումներ, եւ այդ մասին կառավարությունում լավ գիտեն:
Բիզնեսին հարկավոր են խթաններ. մենք դա ապահովելու ենք: Կառավարության քայլերն այս ուղղությամբ աստիճանաբար արդյունքներ են տալիս եւ արժանանում ձեր գնահատականին: Հարկային վարչարարության բեռի թեթեւացումից մինչեւ ազատ տնտեսական գոտիների ստեղծում, նորարարական նախագծերի խրախուսումից մինչեւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացում` սա արդեն իսկ սկսված ծրագրերի այն լայն շրջանակն է, որոնց ազդեցությունը շատ շուտով էական է լինելու: Եվ մենք նաեւ այլ ուղղություններով էլ սկսել ենք նոր քայլեր:
Մեր օրակարգը տարողունակ է: Պետք է համախմբվենք եւ համաձայնություն ձեւավորենք ազգային ու հանրային հիմնական շահերի շուրջ, որպեսզի ապրենք վերելքի ուղին հարթող Հայաստանում` հանուն մեր ապագայի եւ մեր արժեքների: Չեմ կասկածում` հաջողությունն այդ դեպքում իրեն սպասել չի տալու: Նաեւ չեմ կասկածում, որ կիսում եք այս վստահությունը:
Համագումարի ընթացքում դուք դեռ անդրադառնալու եք բոլոր այս հարցերին: Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք, ցանկանում եմ, որ ծավալեք շահագրգիռ, անկեղծ, բաց քննարկում բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք դուք տեսնում եք, նշեք խոչընդոտներն ու նաեւ անհրաժեշտ խթանները:
Համագումարի արդյունքում ընտրվելու է միության խորհուրդ, եւ խորհրդի անդամներին խնդրում եմ այդ բոլոր առաջարկություններն անպայման փոխանցել ինձ: Ընդ որում ես պատրաստ եմ հենց մոտական օրերին հանդիպելու խորհրդի այն անդամների հետ, ովքեր պատրաստ են ձեր ազդակները փոխանցելու եւ ձեր որոշումների մասին ինձ տեղյակ պահելու: Շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում ձեզ:




























