Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է ոստիկանության Էրեբունիի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին հայտնեց, որ նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակից Արսեն Աղոյանը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Էրեբունու ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Քեշիշյանը կասկածվում է 13 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ` միջնորդների միջոցով մի  քաղաքացու քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

Միհրան Քեշիշյանը գործում ներգրավված է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն նա թաքնվում է քննությունից:

Նշենք, որ ըստ ՀՔԾ տվյալների, ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր: ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

Քաղաքացիները պատասխանատվությունից ազատվելու նպատակով դիմել են ոստիկանության շտաբի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանին, նա էլ` ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին: Քեշիշյանի պահանջով քաղաքացիները Կ. Խաչատրյանին են տվել 13 հազար դոլար կաշառք, որից նա հազար դոլար վերցրել է իր ծառայությունների դիմաց, իսկ մնացածը տվել է Միհրան Քեշիշյանին:

Կ. Խաչատրյանն ընդունել է գումարը վերցնելու եւ Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը:

Ի դեպ, այսօր աշխատանքից ազատվել է նաեւ Էրեբունիի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը: