Հայաստանի եւ Վրաստանի միջեւ եղած բոլոր վիճարկելի հարցերը , այդ թվում նաեւ սահմանագծման խնդիրը, պետք է վճռվի դիվանագիտական լեզվով եւ ոչ թե վրացի սահմանապահների կողմից ագրեսիայի դրսեւորմամբ: Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, <<Ջավախք>> հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Թորոսյանն ասաց, որ հայ-վրացական սահմանում կատարված միջադեպերը հաճախականացել են եւ միտումնավոր բնույթ են կրում: Նրա կարծիքով, Վրաստանը դեռեւս 20-րդ դարի սկզբից մինչ օրս հետեւողական քաղաքականություն է իրականացնում Հայաստանի հետ սահմանին եղած չեզոք հողատարածքները յուրացնելու հարցում, եւ շատ դեպքերում արդեն հաջողության է հասել: << Ես կարծում եմ, որ շատ դեպքերում Վրաստանի ագրեսիվությունը Հայաստանի հետ սահմանագծման հարցում պայմանավորված է տարածաշրջանում տարանցիկ փոխադրումների նրա մենաշնորհով: Սակայն հեռանկարում հայ-թուրքական սահմանի բացումն է, ինչպես նաեւ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը, ինչը կնվազեցնի Վրաստանի դոմինանտի դերը տարածաշրջանային տարանցման հարցերում: Ես կարծում եմ, որ Երեւանը պետք է ավելի խիստ դիրքորոշում ունենա սահմանագծման հարցում, թեեւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մեջ արդեն նկատվում են տեղաշարժեր, ինչի ապացույցը նախագահի վերջերս կատարած հայտարարություն էր>>,-ասաց Թորոսյանը:
Նշենք, որ օրերս հայ-վրացական սահմանում գրանցվել է հերթական միջադեպը: Վրացի սահմանապահները դիմադրություն են ցույց տվել եւ չեն թողել հայ սահմանապահներին անցկացնել սահմանի գծման տեխնիկական աշխաատանքներ: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը: Հայկական լրատվամիջոցների տարածած ինֆորմացիայի համաձայն` իրավիճակը սահմանում այնքան է թեժացել, որ միջադեպը հարթվել է միայն Հայաստանի եւ Վրաստանի սահմանային ծառայությունների ղեկավարների միջամտությունից հետո:
Հիշեցնենք, որ Բավրա մերձսահմանային գյուղում նույնպես եղել է ընդհարում վրացի սահմանապահների հետ, ովքեր մերձսահմանամերձ հողամասերում թույլ չէին տվել գյուղացիներին անցկացնել հողի հերկման աշխատանքներ:




























