Թուրքիայի Վան նահանգում նոյեմբերի 9-ին, տեղի ժամանակով 21:23-ին տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Արտամեդում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով` 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 7 եւ փլատակների տակից վիրավորված հանվել 23 հոգի: Երկրաշարժից հետո գրանցվել են հետցնցումներ` 2,8-ից մինչեւ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ:
Վանում փլվել է 25 շենք, այդ թվում Բայրամ եւ Ասլան հյուրանոցները, որտեղ եղել են լրագրողներ եւ Կարմիր մահիկի ներկայացուցիչները: Նշվում է, որ փլատակների տակ են հայտնվել 100-ից ավել մարդ:
Թուրքիայի տարբեր նահանգներից Վան են մեկնել փրկարարական ջոկատներ եւ բժշկական անձնակազմներ:
Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ երկրաշարժը թույլ զգացվել է նաեւ Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածում:
Շիրակի մարզում երկրաշարժը զգացվել է 3 բալ:
Մայրաքաղաքում զգացվել են թույլ ցնցումներ, մոտ 3 բալ:
Հիշեցնենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետեւանքով զոհվել է 604, վիրավորվել` 4000-ից ավել մարդ:



























