Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ իր տիկինը, նոյեմբերիի 9-ին, այցելել են երկրաշարժի գոտի` Վան, որտեղ հանդիպել են երկրաշարժից տուժածների հետ, այցելել նրանց վրանները եւ ծանոթացել նրանց ապրելակերպին: Արտգործնախարար Դավութօղլուն լրագրողների մոտ հանդես է եկել ելույթով, որտեղ կարեւորել է Թուրքիայի միասնական օգնությունը երկրաշարժից տուժածներին, ինչպես նաեւ օտարերկրյա օգնությունները: Նա նշել է, որ այս պահի դրությամբ Վան է ուղարկվել 21 հազար 593 վրան, 100 հազարի չափ վերմակներ, ծածկոցներ, մեծ քանակությամբ կոնտեյներներ:
«Մենք շնորհակալ ենք տրամադրված օգնության համար, դա մարդկային պարտք է: Մեր ժողովուրդը միշտ եղել է երկրաշարժից տուժածների կողմը` առանց հաշվի առնելու կրոնն ու ազգային պատկանելությունը: Ամբողջ աշխարհը օգնության եկավ Թուրքիային: Օգնություն ուղարկած երկրներին կրկին շնորհակալություն են հայտնում այստեղից` Վանից»: Նա նշել է, որ օգնության տրամադրած երկրները եղել են բազմաթիվ, Ֆինլանդիայից մինչեւ Եգիպտոս, Կանադայից մինչեւ Պակիստան: Նա հիշեցրել է, որ երկրաշարժից րոպեներ անց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին զանգահարել եւ ցավակցել են մի շարք երկրների ղեկավարներ:
Նշենք, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները Իլ-76 ինքնաթիռով ուղեւորվել էին Թուրքիայի Էրզրում քաղաք, որպեսզի տեղ հասցնեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռը:
Այն իր մեջ ներառում էր 100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ եւ 7000-ից ավելի անկողնային պարագաներ։
Հիշեցնենք, որ Հայաստանը հոկտեմբերի 27-ին, թուրքական Կարմիր մահիկի եւ Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը:
7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։


























