Արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները ենթակա են գնահատման եւ հաշվառման: Այսօր` նոյեմբերի 10-ին, կառավարության նիստում հաստատվեց այդ վնասների գնահատման կարգը:
Այն էական նշանակություն ունի հատկապես տարերային աղետների հետեւանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում տալու համար:
Հիշեցնենք, որ երբ Վանաձոր-Բագրատաշեն հատվածում, հոկտեմբերի 2-ին, տեղի էր ունեցել սողանք, պետական մարմինները սկզբնական շրջանում չէին կարողանում կողմնորոշվել, թե ինչպես եւ ով պետք է օգնի տուժածների ընտանիքներին: Այնուհետ կառավարության որոշմամբ տուժածներին հատկացվեց 1-ական մլն դրամ` շատ մոտավոր գնահատումների հիման վրա:
Այսօրվա որոշմամբ, կարգավորվում է, թե պետական գերատեսչությունները ինչ պետք է անեն նման դեպքերում (նախ եւ առաջ պետք է ստեղծեն հանձնաժողով):
Նշենք, որ կառավարության այսօրվա որոշումն ընդունվում է ուշացումով: Բանն այն է, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքն ընդունվել է 1998 թ. իսկ այդ օրենքի 12-րդ հոդվածով կառավարությունը պարտավոր էր հաստատել արտակարգ իրավիճակների հետեւանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման եւ փոխհատուցման կարգը: Սակայն այսօր հաստատվել է միայն գնահատման կարգը, իսկ թե երբ կհաստատվի փոխհատուցման կարգը` պարզ չէ:


























