Ֆրանսիան եւ Գերմանիան խորհրդակցություններ են վարում եվրագոտու վերակազմակերպման վերաբերյալ: Եվրամիության ղեկավար մարմինների աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ խորհրդակցություններն ընթանում են արդեն մեկ ամիս` բոլոր մակարդակներում, քանի որ անհրաժեշտ է «կազմել նրանց ցուցակը, ովքեր այլեւս մտադիր չեն մնալ ակումբի անդամ, ինչպես նաեւ նրանց, ովքեր ուղղակի չեն կարող մնալ»:

Արժութային դաշինքից կարող է դուրս գալ ոչ միայն Հունաստանը, այլ նաեւ բոլոր այն երկրները, որոնք չեն համապատասխանում խիստ բյուջետային չափանիշներին: Եվրագոտու նոր մոդելը ենթադրում է «մեկ կամ ավելի» երկրների դուրս գալը, ինչպես նաեւ մյուսների ավելի սերտ տնտեսական ինտեգրացում` հարկային քաղաքականության եւ ֆինանսական հոսքերի վերահսկման ոլորտներում:

Gazeta.ru-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչները հերքում են նման խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը:

Իր հերթին, գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, հաստատել է «եվրագոտու ամրացման» գաղափարի առկայությունը:

Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ, եվրագոտու բաժանման նախաձեռնողների թվում են Ֆրանսիան եւ Գերմանիան: Ամենայն հավանականությամբ, այդ գաղափարին դեմ հանդես կգան հոլանդիան եւ Ավստրիան: