Թամար Պողոսյանն աշխատող մարդ է, ով պետք է դրսեւորի իրեն: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով Թամար Պողոսյանի` ԲՀԿ-ական եւ Գագիկ Ծառուկյանի խորհրդատու դառնալու փաստին: Հիշեցնենք, որ Թամար Պողոսյանը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավարն է եւ նախկին ՕԵԿ-ական: Նա ՕԵԿ-ի քվոտայով ժամանակին զբաղեցրել է նաեւ մշակույթի նախարարի պաշտոնը:

«Մենք մարդկանց բաժանում ենք մարդկանց մերոնքականների ու ձերոնքականների, բայց, ըստ էության, փոքր երկիր ենք եւ հաստատ 1,5 միլիարդանոց Չինաստան չենք: Ամենակարեւորն այն է, որ մարդիկ կարողանան դրսեւորել իրենց աշխատանքում: Այս դեպքում, հասկանալի է, որ լրատվամիջոցները ցանկացել են ստեղծել հումորիստական պատմություններ: Բայց բոլոր դեպքերում, աշխատող մարդիկ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի կազմում են գտնվում, պետք է դրսեւորեն իրենց: Թամար Պողոսյանը այդպիսի մարդ է»,-նշել է պատգամավորը:

Հարցին, թե դա վերաբերում է միայն իշխող կոալիցիայի՞ աշխատող մարդկանց, թե՞ նաեւ ՀԱԿ-ի անդամներին, Բոստանջյանն արձագանքել է. «Իհարկե, կարող են լինել նաեւ Կոնգրեսից: Մենք հո օտար չենք: Նույն Կոնգրեսում կան խելացի մարդիկ, ովքեր ստեղծել են մեր երկիրը: Նրանց այսօրվա ընդդիմադիր վարքը նույնպես կառուցողական է: մեր ներկա իշխանությունները շատ դրական քայլեր են անում ի բարօրություն ժողովրդի»:

Հիշեցնենք, որ Թամար Պողոսյանն արդեն հասցրել է դառնալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` մշակույթի հարցերով խորհրդական: