Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` նոյեմբերի 10-ին, նիստ է գումարել եւ որոշում է կայացրել Երեւանի ավագանու անդամի թափուր մանդատը հանձնել ՀՀԿ համամասնական ցուցակի 76-րդ տեղը զբաղեցնող Գեորգի Գաբրիելյանին:
Ավագանու անդամի տեղը թափուր էր մնացել նոյեմբերի 2-ին, երբ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել էր նաեւ ավագանու անդամի մանդատից:
Ի դեպ, Գեորգի Գաբրիելյանից առաջ ցուցակում ընդգրկված 12 անձինք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Ավագանու անդամի նշանակմանը կողմ են քվեարկել ԿԸՀ յոթ անդամներից վեցը:
Գեորգի Գաբրիելյանը ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի, 29 տարեկան է, զբաղվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ տարածքային կազմակերպությունների աշխատանքների համակարգմամբ:




























