Ադրբեջանի  քաղբանտարկյալների իրավիճակը ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների առարկա կդառնա, որի նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին Փարիզում:

Հանդիպման ընթացքում ԵԽԽՎ նշված կառույցի քաղբանտարկյալների գծով ներկայացուցիչ Քրիստոֆեր Շտրասերը հանդես կգա կեսժամանոց զեկույցով: Այնուհետեւ խոսքը կտրամադրվի նախկին քաղբանտարկյալ,  «Հանուն մարդու իրավունքների»  ՀԿ-ի ներկայիս ղեկավար Էյնուլա Ֆաթուլաեւին:  «Ես մտադիր եմ  հանձնաժողովի անդամներին տեղեկացնել այդ ոլորտում տիրող իրավիճակի մասին եւ նրանց ուշադրությունը հրավիրել  հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտության  վրա», - «Թուրան» գործակալությանն ասել է Ֆաթուլաեւը:

Ըստ Ադրբեջանի  իրավապաշտպանների` երկրում քաղբանտարկյալների  թիվը գերազանցում է 70-ը:  Տարվա սկզբին քաղբանտարկյալների ցանկը համալրեցին ապրիլի 2-ի հանրահավաքի ընթացքում 14 ձերբակալվածները, որոնց թվում են երիտասարդ ակտիվիստներ Բախտիյար Հաջիեւը, Ջաբար Սավալանը, իրավապաշտպան  Վիվադի Իսկանդարովը,  «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Շահին Հասանլին,   Ազգային պետականության կուսակցության առաջնորդ Նեյմաթ Փանահլին:

Նշենք, հոկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ ԵԽԽՎ զեկուցող Շտրասերին վիզա չէին տրամադրել: Ադրբեջանի իշխանությունները համառորեն հերքում են երկրում քաղբանտարկյալների առկայությունը եւ պնդում են վերանայել «քաղբանտարկյալ» հասկացության միջազգային համընդհանուր չափանիշները: