ԱՄՆ-ում առաջին անգամ հրապարակել են նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի ցուցմունքները ուոթերգեյթյան սկանդալի վերաբերյալ: Հրապարակումն արվել է պատմաբան Սթենլի Քաթլերի հայցի հիման վրա, ով մի քանի գիրք էր գրել Նիքսոնի եւ Ուոթերգեյթյան սկանդալի վերաբերյալ: Բայց մի քանի ձայնագրություններ չեն հրապարակվել, քանի որ գաղտնի տեղեկատվություն են պարունակել:
Ռիչարդ Նիքսոնը ցուցմունքները տվել է 1975թ. հունիսի 23-24-ին: Դատելով ցինիզմից, որով Նիքսոնը խոսում է քաղաքականության մասին, կարելի է ենթադրել, որ նախկին նախագահը համոզված է եղել, թե ցուցմունքները երբեք չեն հրապարակվելու:
Ցուցմունքներում նա փորձում է իրեն ներկայացնել որպես մրցակիցների քաղաքական խարդավանքների զոհ: Նա հայտարարել է,թ ե Քենեդու ժամանակ իր դեմ պետական գերատեսչություններ են օգտագործել:
Նիքսոնն ասել է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ ընտրվելիս իրեն վարկաբեկելու համար օգտագործել են հարկային գերատեսչությունը: Բացի այդ ՀԴԲ-ի ղեկավար Էդգար Հուվերը Նիքսոնին խոստովանել է, որ լսող սարքեր է դրել իր ինքնաթիռում:
Նշենք, որ Նիքսոնը միակ նախագահն է, ով ժամկետից շուտ է լքել պաշտոնը իմպիչմենթի սպառնալիքի տակ: Նա հրաժարական էր տվել 1974թ. օգոստոսի 9-ին, երբ տեղեկություն էր տարածվել, թե խոչընդոտել է Ուոթերգեյթյան սկանդալի հետաքննությանը: 1972թ. հունիսի 17-ին Ուոթերգեյթ հյուրանոցում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջորջ Մքգովերնի սենյակում մարդկանց էին բռնել, որոնք լսող սարքեր էին ուզում տեղադրել:




























