ԼՂՀ կառավարության քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը չի պատկերացնում, թե ադրբեջանցիներն ինչպես կարող են իրականացնել դեպի Ստեփանակերտ թռչող «օդանավերն իջեցնելու» իրենց սպառնալիքը:
Իր կարծիքն Ատբաշյանը հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովի հայտարարությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի տարբեր ներկայացուցիչներ բազմաթիվ անգամ հանդես են եկել սպառնալիքներով, թե կհարվածեն Ստեփանակերտ թռչող օդանավերին:
Հիմա Սաֆարովն «մեղմացրել» է իր դիրքորոշումը եւ արդեն խոսում է օդանավերն իջեցնելու համար:
«Դա պրակտիկայից հետու հայտարարություն է»,-մեկնաբանել է Ատբաշյանը:
Անդրադառնալով օդանավերին հարվածելու սպառնալիքներին, նա հիշեցրել է, որ Ադրբեջանը միացել է միջազգային կոնվենցիային, որն արգելում է հարվածել քաղաքացիական օդանավերին: Միաժամանակ, Ատբաշյանը նշել է, որ ամեն երկիր իրավունք ունի իջեցնել իր տարածքով թռչող օդանավերը, եթե ինչ-որ տվյալներ ունի, որ օդանավում արգելված բեռ կա: «Լեռնային Ղարաբաղի դեպքում այդ իրավունքի մասին խոսք անգամ լինել չի կարող: Երեւանից Ստեփանակերտ մեկնող օդանավը թռչում է պարոն Սաֆարովի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքով: Այդ ինչպես կարող է նա իրականացնել «օդանավն իջեցնելու» իր սպառնալիքը Հայաստանի կամ ԼՂՀ-ի տարածքում, ես չեմ պատկերացնում»,- ընդգծել է Ատբաշյանը:




























