Հայաստանն այն երջանիկ պետություններից է, որտեղ կեղծ եւ ժամկետանց դեղերի չափաբաժինը շուկայում շատ փոքր է` ընդամենը 1-2 տոկոս: Նման հայտարարությամբ այսօր` նոյեմբերի 11-ին, հանդես եկավ Հայաստանի Դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով` դա մեծապես պայմանավորված է առողջապահության նախարարության փորձագիտական կենտրոնի գործունեությամբ, որը զինված է ժամանակակից սարքավորումներով եւ բանիմաց կադրերով: Այդ կենտրոնի ստեղծման եւ կայացման գործում մեծ ավանդ է ունեցել բժիշկ, գիտնական Էմիլ Գաբրիելյանը (հանրությանն առավել հայտնի է «Արմենիկում» դեղամիջոցի ստեղծմամբ):

Հետաքրքիր է, որ իր մահից ոչ շատ առաջ, 2010 թ. սկզբներին մամուլի ասուլիսներից մեկում Է. Գաբրիելյանը հայտարարել էր, որ Հայաստան ներմուծվող դեղերի 10-12 տոկոսն է կեղծված, բայց եթե վերահսկողությունը խստացվի` այդ թիվը կարող է նաեւ մեծանալ:

Ըստ Ս. Զաքարյանի` ներկայում վերահսկողությունը շուկայում պատշաճ մակարդակի է, իրականացվում է անանուն վերահսկողություն: Կեղծ դեղերի որոշակի խմբաքանակ Հայաստան ներմուծվում է հարեւան Վրաստանից, որտեղ սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձելու պատճառով դրանք ավելի էժան են: Ըստ Ս. Զաքարյանի` այդ խմբաքանակները Հայաստան են մտնում «ճամփրուկային» միջոցով, որը բարդացնում է վերահսկողությունը: