Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը ձերբակալվել է: NEWS.am-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ  նախաքննության ընթացքում ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արթուր Սուքիասյանը, 2001-2008 թվականներին աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն տարածքային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնում, 2008 թվականի հունվարից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում, կեղծ դիմումների հիման վրա, խարդախության եղանակով հափշտակել է 22 հանգուցյալ կենսաթոշակառուների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի հասնող կասեցված կենսաթոշակի գումարները: Ոստիկանության փոխանցմամբ` այս գործի շրջանակում կա 22 մեղադրյալ, որոնք ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ 23-րդը ձերբակալված Արթուր Սուքիասյանն է:

Նշենք, որ Վազգեն Խաչիկյանը Սոցապ ծառայության պետի պաշտոնից հեռացրել են այնտեղ արձանագրված խոշոր յուրացումների արդյունքում: Պարզվել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից  դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն: Իսկ Սուքիասյանը ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի վարչությունում քննվող քրեական գործով: