Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 8-ին հրամանագիր է ստորագրել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից (ԵՍԶՈՒ) հանրապետության դուրս գալու մասին։ Հրամանագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական Resmi Gazete թերթում։
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ որոշվել է 2024 թվականի ապրիլի 8-ից կասեցնել Թուրքիայի Հանրապետության և ԵՍԶՈՒ պայմանագրի մասնակից այլ պետությունների միջև պայմանագրի կատարումը՝ համաձայն նախագահի հրամանագրի։
ԵՍԶՈՒ պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականի նոյեմբերի 19-ին Փարիզում և վավերացվել Թուրքիայի կառավարության կողմից 1992 թվականի հուլիսի 1-ին։ Պայմանագիրը սահմանափակում է 30 պետությունների զինված ուժերի հինգ հիմնական կատեգորիաների սովորական սպառազինությունների և տեխնիկայի քանակը(մարտական տանկեր, զրահատեխնիկա, 100 մմ և բարձր տրամաչափի հրետանային համակարգեր, մարտական ինքնաթիռներ և հարվածային ուղղաթիռներ): Այն նախատեսում է տեղեկատվության փոխանակում և ստուգումներ։
Ինչպես հիշեցնում է կառավարամետ Yeni Şafak թերթը այս որոշման կապակցությամբ, Ռուսաստանը դուրս եկավ ԵՍԶՈՒ պայմանագրից 2023 թվականի նոյեմբերին։ Սրանից հետո ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հայտարարեցին պայմանագրով իրենց պարտավորությունների կասեցման մասին։ Այնուհետ Անկարան ափսոսանք է հայտնել ՆԱՏՕ-ի իր գործընկերների այս որոշման համար և կոչ արել վերադառնալ ԵՍԶՈՒ պայմանագրին։ Նշվում է, որ Թուրքիան ներկայիս որոշումը կայացրել է միջազգային լարվածության աճի պատճառով։
Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հայտնում են, որ, ըստ Անկարայի, ներկայիս պայմաններում համաձայնագիրը կորցրել է իր իմաստը, և դրանով ստանձնած պարտավորությունները փաստացի չեն կատարվում։ Միաժամանակ նշվում է, որ համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարումը կասեցնելու որոշումը կարող է շրջելի լինել։





























