Նոր մանրամասներ են հայտնի դարձել Լոռիի մարզի Գոգավան գյուղի տներից մեկում, այսօր` նոյեմբերի 14-ին հրդեհից այրվածքներ ստացած երեխաների մասին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այրվել է Մինաս Գասպարյանին պատկանող երկհարկանի առանձնատունը, ամբողջությամբ բռնկվել է առաջին հարկը, մասամբ այրվել է նաեւ երկրորդ հարկի մի հատվածը:
Պարզվել է, որ տանը գտնվել են 4 անչափահաս երեխաներ: Առաջինը հնարավոր է եղել կրակի ճիրաններից փրկել 1,5 տարեկան երեխային, ով թեթեւ այրվածքներ է ստացել եւ այժմ գտնվում է գյուղապետարանի բժշկի հսկողության ներքո:
Մյուս երեք երեխաներին տեղափոխել են Սպիտակի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիվանդանոց:
Սպիտակի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արսեն Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ երեքի վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Նրանցից մեկին` 4-ամյա Արման Գասպարյանին հնարավոր է եղել բերել բավարար վիճակի եւ տեղափոխել Երեւան:
Բժշկի խոսքով, եթե մյուս երկու երեխաներին` 3 տարեկան Արեն եւ Գոռ Գասպարյաններին, փորձեն տեղափոխել Երեւան, նրանք, հնարավոր է, ճանապարհին մահանան, քանի որ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:
Երեւանից մասնագետներ են հրավիրվել եւ երեխաների վիճակը բավարար վիճակի բերելուն պես, նրանց եւս կտեղափոխեն Երեւան:
Այրվել է երեխաների շնչափողը, մաշկի 50 տոկոսից ավելին: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը եղել է փայտը. նրանք տանը փայտ են վառել:
Տուժածները երկու եղբայրների երեխաներ են:
Հրդեհի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից: Հրդեհը մարվել է տեղի ուժերով, բնակչության ջանքերով:





























