Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը, եթե պաղեստինա-իսրայելական հակամարտության ակտիվ փուլը տևի ինը ամիս։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հրապարակված «Գազայի պատերազմ. ակնկալվող սոցիալ-տնտեսական հետևանքներ Պաղեստին պետության համար» վերնագրով զեկույցում։
Իսրայելը գրեթե յոթ ամիս ակտիվորեն կռվում է Գազայի հատվածում։ «Կանխատեսվում է, որ աղքատության մակարդակը 38,8%-ից կհասնի 60,7%-ի, եթե պատերազմը տևի ինը ամիս: Դա կհանգեցնի նրան, որ միջին խավի մեծ մասը կգտնվի աղքատության շեմից ցածր»,- նշվում է փաստաթղթում։
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է անցնել աղքատության շեմից ցած։
Զեկույցի հեղինակները նշում են նաեւ, որ «հակամարտությունը հանգեցրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում գործազրկության կտրուկ աճի՝ Գազայի հատվածում հասնելով աննախադեպ մակարդակի»։ 2024 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Պաղեստինում գործազրկությունը կազմել է 57%:





























