Սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվում են այն պայմաններում, երբ արդեն խաղաղ հարաբերություններ են ձևավորվել Հայաստանի և Ադրեջանի միջև։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ի դիմաց ակցիա իրականացնելիս ասաց ուսանողներից Գրետա Սահակյանը։
«Բայց, փաստացի, մենք այսօր սահմանագծման և սահմանազատման միջոցով ենք փորձում հասնել խաղաղության, որը տրամաբանական չէ։ Այսինքն՝ դա չի կարող միջոց լինել խաղաղության հասնելու համար, այլ խաղաղությունից հետո պետք է հասնել այդ գործընթացին։ Օրինակ՝ մեր հարևան Վրաստանի հետ դեռևս կան չճշտված սահմաններ»,- նշեց նա։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ գործընթացի կասեցումը կհանգեցնի պատերազմի, ուսանողն արձագանքեց․ «Այն կառույցը, որը ստեղծվել է այդ սպառնալիքը վերացնելու համար, ոչ միայն այն չի կարողանում վերացնել, այլ նաև կնքում է համաձայնագիր Ադրբեջանի հետ այդ սպառնալիքի ներքո»։
Ուսանողներից մեկն էլ հավելեց, որ իրենք որևէ կուսակցության չեն հարում, իրենք մտահոգ են երկրի անվտանգությամբ․ «Մենք անհատներ ենք, որոնք անհանգստացած են իրենց երկրի ապագայով։ կարևոր է, որ երիտասարդությունը ոտքի կանգնի։ Մենք անձինք ենք, որոնք պայքարում են հանուն իրենց հայրենիքի»։





























