Երեւանում, նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը, Էրեբունի վարչական շրջանում ծագած վիճաբանության արդյունքում սպանվել է Երեւանի Խաղաղ Դոն փողոցի բնակիչ, 26-ամյա Գալուստ Մելքոնյանը, ով տաքսու վարորդ է եղել:

Էրեբունիի բնակիչների շրջանում շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, վիճաբանություն է ծագել ուղեւորի եւ վարորդի միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ:

NEWS.am-ի  հետ զրույցում այս լուրը մասամբ հաստատեց Ոստիկանության Էրեբունիի  բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանը: Վերջինս սակայն հավատացրեց, որ շրջանառվող վարկածը, թե վեճ է ծագել վարորդի եւ ուղեւորի միջեւ, իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել համարյա անծանոթների միջեւ: Նա, վկայակոչելով գործի գաղտնիության հանգամանքը, հրաժարվեց մանրամասներ հաղորդել, սակայն տեղեկացրեց, որ այս պահին հարցաքննություններ են ընթանում: Գաբրիելյանի խոսքով, այս պահին դեռ ձերբակալվածներ չկան, բայց մինչեւ օրվա վերջ կլինեն:

26-ամյա Գալուստ Մելքոնյանի մահը վրա է հասել  սուր-կտրող գործիքով ստացված վնասվածքների արդյունքում:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: