Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երազանքը կամ «ավետյաց երկիրը» միասնական և ուժեղ Վրաստան է՝ իր աբխազ և օս եղբայրների ու քույրերի հետ միասին։
«Մեր «ավետյաց երկիրը» կամ վրացական երազանքը Վրաստանի անկախության վերականգնման 40-ամյակին, այն է՝ 2030 թվականին՝ մեր աբխազ և օս եղբայրների և քույրերի հետ միասին միասնական և ուժեղ Վրաստանում ապրելն է։ Միասնական և ուժեղ Վրաստանը պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ 2030 թվականին»,- ասել է Կոբախիձեն, հաղորդում է SOVA-ն։
Նա նաև Վրաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորել է «յուրաքանչյուր վրացու, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, ով նշում է մեր գլխավոր ազգային տոնը Վրաստանում կամ նրա սահմաններից դուրս» ։ Վարչապետը նշել է, որ 3000 տարի վրացիները բարեխղճորեն աշխատել են, պայքարել ու զոհաբերվել Վրաստանի անկախության համար։
«Վրաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ այն ժամկետային զինծառայողներին, որոնք հավատարմության երդում են տվել հայրենիքին այս նշանակալի օրվա կապակցությամբ։
Կայսրությունների հանգույցում այս նվիրումն ու անձնազոհությունը թույլ տվեց մեր փոքրիկ, բայց հպարտ երկրին պահպանել իր ազատությունն ու պետական անկախությունը։ Խոնարհվում եմ յուրաքանչյուր հերոսի առաջ, որ զոհաբերել է ամենաթանկը՝ կյանքը՝ հանուն Վրաստանի անկախության։
106 տարի առաջ՝ մայիսի 26-ին, վերականգնվեց Վրաստանի պետական անկախությունը և հիմք դրվեց Վրաստանի Առաջին Հանրապետությանը, որը թեև գոյատևեց ընդամենը երեք տարի, բայց մեզ թողեց ժողովրդավարական կառավարման արժեքավոր ժառանգություն։
Խորհրդային Միության 70-ամյա կառավարման վերջում 1990 թվականին Վրաստանում տեղի ունեցան բազմակուսակցական ընտրություններ, իսկ 1991 թվականին Վրաստանը հայտարարեց պետական անկախության վերականգնման մասին։ Այդ ժամանակվանից Վրաստանն անցնում է Մովսեսի յուրատեսակ ճանապարհ, որը, վստահ եմ, մեզ կտանի դեպի «ավետյաց երկիր»»,- ընդգծել է Կոբախիձեն։


























