Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին, որը դատապարտվել է երկրի պատմության մեջ ամենամահասփյուռ ահաբեկության համար, բողոքարկել իր բանտարկության պայմանները՝ կապված, իբր, մարդու իրավունքների խախտման հետ, տեղեկացրել է Aftenposten թերթը։
Հունվարին այժմ 45 տարեկան Բրեյվիկը դատի էր տվել Նորվեգիային՝ փորձելով բողոքարկել իր մեկուսացումն ու հանել նամակագրության սահմանափակումը։ Նրա փաստաբանները նշել են, որ Նորվեգիան խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, մասնավորապես «կտտանքների կամ անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի» չենթարկվելու իրավունքը։
Օսլոյի օկրուգային դատարանը փետրվարին մերժել էր ահաբեկչի հայցը։ Այժմ վերաքննիչ դատարանը, Բրեյվիկի բողոքը երեք ամիս ուսումնասիրելուց հետո, թույլ է տվել նորից դիտարկել հայցը։
Դատախազության ներկայացուցիչ Քրիստոֆեր Ներլանդը Aftenposten-ին ասել է, որ սպասում էր նման որոշման, եւ մեղադրող կողմը պատրաստվում է «մեկ անգամ եւս լույս սփռել լավ աշխատանքի վրա, որը կատարում է բանտերի նորվեգական ծառայությունը»։
Առայժմ հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու հերթական դատը ըստ ահաբեկչի հայցի։
Ինչպես հայտնի է, 2011թ. Անդերս Բրեյվիկը պայթեցրել է մեքենա Օսլոյում, վարչապետի աշխատասենյակի մոտ, սպանելով ութ մարդու, ինչից հետո գնացել է Ուտոյա կղզի եւ գնդակահարել 69 մարդու Լեյբորիստական կուսակցության երիտասարդական ճամբարում։
2012թ. նրան մեղավոր են ճանաչել ահաբեկության մեջ եւ նշանակել Նորվեգիայում պատժի առավելագույն ժամկետ՝ 21 տարի, որը կարելի է երկարացնել անորոշ ժամկետով։ Սակայն նա իրավունք ունի պահանջել պայմանական վաղաժամ ազատում բանտարկության առաջին 10 տարուց հետո։
Բրեյվիկը պայմանական վաղաժամ ազատման մասին խնդրել է 2022թ., բայց դատարանը մերժել է ահաբեկչի միջնորդությունը։





























