Հայաստանի եւ Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի եւ Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ Բաթումում տեղի է ունեցել հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են տնտեսական, կրթական, մշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ամպանդմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

«Մեր երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նպատակն է ընդլայնել եւ բազմազան դարձնել հայ-վրացական հարաբերությունները: Մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների խորացման եւ զարգացման համար եւ համոզված ենք, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միասնական տնտեսական քաղաքականության ներդրմանը, որն իր հերթին թույլ կտա էապես ավելացնել երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակը: «Մեր օրակարգում ընդգրկված տասնյակ հարցերը վկայում են նրա մասին, որ տարեց-տարի ավելի բազմազան են դառնում մեր հարաբերությունները»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից ջերմ ողջույններ է հղել վրացի գործընկերներին եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:

 Նիկա Գիլաուրին կարեւորել է այն, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ձեւավորվել են շատ լավ տնտեսական հարաբերություններ: «Ուրախալի է, որ տարեց-տարի այդ հարաբերությունները խորանում են ու զարգանում:  Ողջունելի է, որ մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 45 տոկոսով»,- ասել է Վրաստանի վարչապետը: Նա նշել է, որ առկա են հայ-վրացական բազմաթիվ ընդհանուր նախագծեր, որոնք վերաբերում են մաքսային կետերի վարմանը, էլեկտրագծերի կառուցմանը, շինարարությանը եւ այլն: «Մենք անպայման պետք է շարունակենք բանակցությունները՝ համատեղ ծրագրերի ամբողջական իրականացման համար:  Ներկայում Վրաստանում եւ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք էլ լինելու համատեղ նախագծերի իրականացման գլխավոր գործիքները»,- ասել է Նիկա Գիլաուրին:

Նիստի ընթացքում ստորագրվել է նաեւ հայ-վրացական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի արձանագրությունը: