Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքի վարչությունը պահանջել է քանդել Պոկրովսկ-Տիխոնովյան եկեղեցին, որը կառուցված է մասնավոր հողակտորի վրա եւ պատկանում է Ռուս Ուղղափառ եկեղեցուն, եւ որը ՌՈւԵ-ն համարում է հերձվածողական։
Ինչպես նշվել է թեմի կայքում, իշխանություններն ապրիլի 18-ին տեղի դատարան հայց էին ներկայացրել «ինքնակամ կառույցը քանդելու» մասին՝ պահանջելով, որպեսզի տաճարի վանահայրը՝ 87-ամյա արքեպիսկոպոս Վիկտոր Պիվովարովը, այն քանդի իր հաշվին, դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում։
Քննչական կոմիտեի պահանջում, որին հղում է կատարում վարչությունը, նշվում է, որ շենքն օգտագործվում է ոչ ըստ իր նշանակության, ոչ որպես տնատիրություն, այլ որպես կրոնական օբյեկտ եւ «հանրային վայր, որտեղ քանիցս հանցագործություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության սահմանադրական կարգի հիմքերի դեմ»։
«Հասկանալի է, որ եկեղեցին քանդելու որոշման պատճառը ոչ թե ֆորմալ խախտումն է, այլ վրեժը վանահայր Վիկտորի քարոզի, Քրիստոսի ճշմարտության հավատքի համար, որն ատելի է նրանց»,- նշված է թեմի կայքի հայտարարությունում։
Ավելի վաղ արքեպիսկոպոս Վիկտորին, որը բացահայտ հանդես է գալիս Ուկրաինայում պատերազմի դեմ, երկու անգամ տուգանել են ՌԴ բանակի «վարկաբեկման» գործով՝ 40 հազար ռուբլի 2023թ. մարտին եւ 150 հազար ռուբլի 2024թ. ապրիլին։



























