Ավելի քան 11 հազար մարդ տարհանվել է Խարկովի մարզի ճակատամերձ շրջաններից, տեղեկացրել է նահանգապետ Օլեգ Սինեգուբովը։

«Տարհանվել է 11 հազար 253 մարդ Չուգուեւի, Խարկովի, Բոգոդուխովի շրջաններից»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն մարտեր է մղում ռուսական բանակի դեմ Ստարիցայի եւ Վոլչանսկի շրջաններում, ինչպես նաեւ Սինկովկա, Ստեպնայա Նովոսյոլովկա, Դրուժելյուբովկա, Նովոեգորովկա եւ Նեւսկոյ բնակավայրերում։

«Իրավիճակը լարված է, բայց վերահսկվում է ուկրաինական զորքերի կողմից։ Ներկայում մարտ է ընթանում Վոլչանսկում»,- ավելացրել է Սինեգուբովը։

ՌԴ բանակը սկսել է գնդակոծել Խարկովը ապրիլի վերջից, իսկ մայիսի 10-ին ռուս զինվորականները անցել են հարձակման Խարկովի մարզում։ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին մայիսի 17-ին հայտնել է, որ պաշտպանության գիծը Խարկովի մարզում չի ճեղքվել, բայց Ռուսաստանն ընդլայնել է մարտական գործողությունների գոտին մոտ 70 կիլոմետրով։