Երկուշաբթի Եգիպտոս է ժամանել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այցի նպատակն է մեծացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի վրա, հասնել Գազայում հրադադարի և կանխել պատերազմի տարածումը Լիբանանում, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Բլինքենը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ։ Երկուշաբթի ավելի ուշ նա կմեկնի Իսրայել, որտեղ կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ։ Հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր սա ԱՄՆ պետքարտուղարի ութերորդ այցն է տարածաշրջան: Բլինքենն այս շաբաթ կայցելի նաև Հորդանան և Կատար։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ուրբաթ հայտարարել է, որ այցի ընթացքում Բլինքենը գործընկերների հետ կքննարկի հրադադարի հասնելու անհրաժեշտությունը, որը կապահովի բոլոր պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև հակամարտության հետագա սրումը կանխելու անհրաժեշտությունը: Միլլերը հավելել է, որ պետքարտուղարը կկարևորի ՀԱՄԱՍ-ի կողմից Վաշինգտոնի առաջարկն ընդունելու անհրաժեշտթյունը։