ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում։ Այս մասին նշվել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի զեկույցում, որը վերաբերում է երեխաների վիճակին հակամարտությունների գոտիներում։
Փաստաթուղթը վերաբերում է այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել անցած տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը։ «ՄԱԿ-ը հաստատել է 2 267 պաղեստինցի երեխաների (1 259 տղա, 1 008 աղջիկ) սպանությունները, նրանցից 2 141-ը [զոհվել է] Գազայի հատվածում»,- նշվել է զեկույցի տեքստում։ Եվս 126 պաղեստինցի երեխա զոհվել է Արեւելյան Երուսաղեմում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ ՄԱԿ-ը պարզել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժերի պատասխանատվությունը 206 երեխաների մահվան համար, միաժամանակ նշվել է, որ երեխաների սպանություններին հանցակցությունը շարունակում է պարզվել։ ՄԱԿ-ը նաեւ ստուգում է մոտ 9,1 հազար երեխաների զոհվելու մասին տվյալները։
Նշվել է, որ երեխաների մահվան դեպքերի մեծ մասը «կապված է պայթուցիկ զենքի օգտագործման հետ բնակավայրերում»։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է Իսրայելի դեմ 2023թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների հարձակումից հետո Գազայի հատվածից, ինչն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ 250 հոգու պատանդառմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելն սկսել է ռազմական գործողություն Գազայում՝ ՀԱՄԱՍ ռազմական եւ քաղաքական կառույցի ոչնչացման եւ բոլոր հափշտակվածներին վերադարձնելու նպատակով։





























