Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի  2024 թվականի տարեկան զեկույցի, աշխարհն այս և անցյալ տարի տեսել է բռնի տեղահանման պատմական բարձր մակարդակ:

Զեկույցում նշվում է, որ 2024 թվականի մայիսին ներքին տեղահանվածների թիվը հասել է 120 միլիոնի։ Այս ցուցանիշն աճում է արդեն 12-րդ տարին անընդմեջ։ Պատճառը շարունակվող ճգնաժամերն ու նոր հակամարտություններն են։

Ցուցանիշների կտրուկ աճի հիմնական պատճառը Սուդանի պատերազմն է, որի արդյունքում 2023 թվականի վերջին 10,8 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տները։

Բացի դրանից, անցյալ տարի միլիոնավոր մարդիկ Կոնգոյի  Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) և Մյանմարում կռիվների պատճառով դարձել են ներքին տեղահանված:

Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության (UNRWA) գնահատմամբ՝ Գազայի հատվածի բնակչության մոտ 75 տոկոսը (մոտ 1,7 միլիոն մարդ) ստիպված է եղել լքել իր տները։

Սակայն երկրի ներսում և դրսում տեղահանվածների թվով ռեկորդակիր Սիրիան է, որտեղ 13,8 միլիոն մարդ բռնի տեղահանվել է իր սահմաններում և արտերկրում:

«Այս հսկայական և աճող թվերի հետևում անթիվ-անհամար մարդկային ողբերգություններ են: Նրանց այս տառապանքը միջազգային հանրության պետք է մղի հրատապ քայլերի՝ հարկադիր տեղահանման հիմնական պատճառները լուծելու համար», - նշել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

Զեկույցում  նշվում է նաև, որ հակամարտությունների պատճառով իրենց տները լքող մարդկանց մեծամասնությունը տեղահանված է իրենց երկրներում: Գործակալության տվյալներով, այդ թիվը հասել է 68,3 միլիոնի, ինչը հինգ տարվա ընթացքում աճել է գրեթե 50 տոկոսով:

Բացի դրանից, փախստականների և միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց թիվը հասել է 43,4 միլիոնի։ «Վաղուց ժամանակն է, որ պատերազմող կողմերը հարգեն պատերազմի հիմնական օրենքները և միջազգային իրավունքը», - նշել է Գրանդին: Նա հավելել է, որ առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել: