Գերմանական հետախուզական ծառայությունները երկրում տեղի ունեցող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության իրադարձությունները համարում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հարձակման հավանական թիրախ՝ նման Մոսկվայի «Կրոկուսի Սիթի Հոլ»-ի վրա հարձակմանը, գրում է Financial Times-ը։
Գերմանական Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի (BfV) ղեկավար Թոմաս Հալդենվանգի խոսքով՝ Գերմանիայում իսլամիստական ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ «Հնարավոր սցենարը լայնածավալ համակարգված ահաբեկչություններն են, ինչպիսին վերջերս տեղի ունեցավ Մոսկվայում», - ասել է Հալդենվանգը:
Հալդենվանգը նաև ասաց, որ ԴԱԻՇ-Կ խմբավորումը (այսպես կոչված՝ «Վիլայաթ Խորասան» բջիջը, որը ստանձնել է «Կրոկուս»-ի վրա հարձակման պատասխանատվությունը) կարողացել է իր կողմնակիցներին տեղափոխել Արևմտյան Եվրոպա՝ «Ուկրաինայից փախստականների քողի տակ»: Նա ասաց, որ խմբավորումը հրապարակել է բազմաթիվ քարոզչական տեսանյութեր՝ կոչ անելով աջակիցներին հարձակումներ իրականացնել Եվրոպայում «հեշտ թիրախների» վրա:
Ըստ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերի, որին մեջբերում է Financial Times-ը, Եվրոպան և դրա հետ մեկտեղ Գերմանիան «ջիհադիստական կազմակերպությունների, մասնավորապես ԴԱԻՇ-ի և ԴԱԻՇ-Կ-ի խաչմերուկում են»:
Ֆեսերը նաև պնդում է, որ Գերմանիայում կտրուկ աճել են հակասեմական հանցագործությունները, և հրեական խորհրդանիշներ կրողները, օրինակ՝ Maccabi Germany մարզական ակումբի անդամները, հաճախ չեն կարողանում դուրս գալ՝ առանց վիրավորվելու կամ հարձակման ենթարկվելու:





























