Իսրայելի անվտանգության ծառայությունները խախտում են պաղեստինցիների իրավունքները՝ անմարդկային եւ դաժան վերաբերմունք ցուցաբերելով, կարծում են հատուկ կոմիտեի փորձագետները, որն ստեղծվել է ՄԱԿ Գերագույն վեհաժողովի կողմից պաղեստինյան տարածքներում Իսրայելի գործողությունները հետաքննելու համար։
Ժնեւում հրապարակված հայտարարությունում (Ամանի ճամբար, որտեղ ապաստանել են փախստականներ Գազայից, կատարած այցի արդյունքներով) կոմիտեի անդամները նշել են, որ ցնցված են իսրայելցի զինվորների անպատժելիության մակարդակից։ Փորձագետները մեղադրել են իսրայելցիներին «անմարդկային, դաժան եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի մեջ պաղեստինցիների հանդեպ, ներառյալ կանայք եւ երեխաները»։ «Անվտանգության ծառայության աշխատակիցները հրապարակայնորեն եւ անամոթաբար սոցցանցերում հրապարակում են լուսանկարներ, որոնք խախտում են պաղեստինցի կանանց մասնավոր եւ ինտիմ կյանքի ոլորտը՝ նպատակ ունենալով ծաղրել, ամաչեցնել եւ նվաստացնել նրանց»,- նշված է փաստաթղթում։ Կոմիտեն ուշադրություն է նվիրել նաեւ ոտնձգությունների, սեռական բռնության դեպքերի, բռնաբարության սպառնալիքների եւ բռնաբարությունների կտրուկ աճին «տղամարդկանց, կանանց եւ անգամ երեխաների հանդեպ»։
Կոմիտեն փաստել է, որ իսրայելական ուժերը «պարբերաբար քայքայում են առողջապահության համակարգը Գազայի հատվածում»։ Փորձագետները տեղեկություն ունեն այն մասին, որ բանտերում պահվող պաղեստինցիները «գրեթե կապ չունեն ընտանիքների եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ», ինչպես նաեւ չունեն» իրավական երաշխիքներ»։ «Իսրայելի անվտանգության ծառայության աշխատակիցների չարաշահումների դեմ հարուցված գործերի կտրուկ աճը նշում է այն մասին, որ որպես պետական քաղաքականություն իրականացվում է անմարդկային վերաբերմունքի սխեման՝ պաղեստինցիների ազատությունից զրկելու նպատակով»,- նշվել է հայտարարությունում։
Կոմիտեի կարծիքով՝ Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա «կրել է անհամամասնական եւ դաժան բնույթ»։ Այն անկլավին զրկել է կենսականորեն կարեւոր ռեսուրսների հասանելիությունից՝ նպատակ ունենալով «ենթարկեցնել եւ կոլեկտիվ պատժել պաղեստինցի քաղաքացիական բնակչությանը»։ Փորձագետներն Իսրայելին եւ պաղեստինյան զինված խմբավորմանը կոչ են արել շտապ պայմանավորվել ամուր հրադադարի, պատանդների ազատման մասին, ԿԽՄԿ-ին տրամադրել անխոչընդոտ հասանելիություն ձերբակալվածների հանդեպ եւ «բացել բոլոր սահմանային անցումները, որպեսզի Գազա հասցվի կենսականորեն կարեւոր հումանիտար օգնությունը»։





























