Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությանը և բուժանձնակազմին՝ գլխավորությամբ ԲԿ գործադիր տնօրեն պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Չարչյանի և առաջնորդությամբ կենտրոնի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանի։Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին առողջապահության ոլորտում իրենց ազգաշահ և աստվածահաճո առաքելության համար՝ գոհունակությամբ ընդգծելով, որ վերջիններս իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները ծառայեցնում են ի խնդիր բուժման կարիք ունեցող անձանց ապաքինման:
Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Եկեղեցին հոգեփրկչական իր առաքելության ճանապարհին մշտապես կարևորել է անձի ֆիզիկական առողջությունը՝ իբրև պայման աստվածաշնորհ կյանքը լիարժեքորեն ապրելու և բարի գործերով առավել արժևորելու։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը, անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությանը, նկատեց, որ կենտրոնը լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող հաստատություն, կոչված է առավել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով իր անսակարկ ծառայությունը մատուցելու ազգի զավակներին։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունը հայցեց բուժաշխատողներին իրենց երախտարժան առաքելության մեջ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին

Թեմա
Տեղադրություն




























