Հունգարիան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն իշխանության համարում է Ուկրաինայում «խաղաղություն հաստատելու հնարավորություն», ըստ Reuters-ի՝ դրա մասին չորեքշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին Վաշինգտոնում հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Վաշինգտոնում Reuters-ին տված հարցազրույցում Սիյարտոն հայտարարել է, որ Հունգարիայի նպատակն է վերջ տալ պատերազմին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ հնարավոր խաղաղ բանակցությունների միջոցով:
«Ըստ իս, պետք է շատ ուժեղ արտաքին ճնշում լինի՝ ստիպելու համար նրանց գոնե նստել բանակցությունների սեղանի շուրջ», - շեշտել է Սիյարտոն: Նա հավելել է, որ ընտրվելու դեպքում առաջիկայում դա անելու հնարավորություն ունի միայն նախագահ Թրամփը։





























