Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատասխանել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին ուղղված նախընտրական քարոզարշավը դադարեցնելու կոչին։
Դոնալդ Թրամփը ասել է, որ Ջորջ Քլունին պետք է հեռանա քաղաքականությունից և վերադառնա հեռուստատեսություն, քանի որ «ֆիլմերը նրան երբեք չեն հաջողվել»։
«Եվ հիմա գործին է կցվում է կեղծ կինոդերասան Ջորջ Քլունին, որին երբեք մազ անգամ չի հաջողվել գերազանց ֆիլմ նկարահանել: Նա կռվի է ելել խարդախ Ջոյի դեմ, ասես առնետի դեմ, երբ երկուսն էլ առնետ են: Քլունին առհասարակ ի՞նչ գիտի որևէ բանի մասին։ Նա օգտագործում է դեմոկրատների «թեզը», ըստ որի Բայդենը՝ Միացյալ Նահանգների պատմության ամենավատ նախագահը, փրկեց մեր ժողովրդավարությունը» – գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում։
Այնուհետև Թրամփը քննադատությունների տարափ է տեղացել նախագահ Բայդենի և նրան աջակցող Քլունիի հասցեին։
Հոլիվուդյան ընտրախավի ներկայացուցիչ և դեմոկրատների հիմնական աջակից Քլունին նախօրեին միացել է հասարակական գործիչների աճող ցանկին, որոնք անցյալ ամիս Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում տապալված ելույթից հետո 81-ամյա Բայդենին կոչ են անում հրաժարական տալ:
«Ես սիրում եմ Ջո Բայդենին», - գրել է Քլունին The New York Times-ի հոդվածում: «Ես նրան ընկեր եմ համարում և հավատում եմ նրան... Բայց միակ ճակատամարտը, որում նա չի կարող հաղթել, ժամանակի դեմ պայքարն է», ասել է դերասանը:





























