Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի ՝ հուլիսի 11-ին, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնելէ РБК-Ուկրաինան՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությանը և Վլադիմիր Զելենսկու թելեգրամյան ալիքին։
Բանակցությունների ընթացքում նա հայտարարել է, որ սկսել է «հացահատիկի համաձայնագրի» վերականգնման շուրջ աշխատանքները։
Զելենսկին և Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է «խաղաղության հիմքը դնելու համար ցանկացած նախաձեռնության, ներառյալ՝ միջնորդության»։
Զելենսկին ևս հայտարարել է Էրդողանի հետ հանդիպման մասին։
«Նախագահ Էրդողանը նշել է մեր ժողովրդին տուն վերադարձնելու Ուկրաինայի ջանքերը։ Նա հատկապես բարձր է գնահատել Ղրիմի թաթարների վերադարձը և շնորհակալություն հայտնել այս ջանքերի համար։ Ես վստահեցրել եմ նախագահ Էրդողանին, որ մեր թիմը կշարունակի այդ աշխատանքը»,- նշել է պետության ղեկավարը։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան խաղաղության գագաթնաժողովի որոշումների իրականացման շրջանակում մտադիր է պարենային անվտանգության և նավարկության ազատության վերաբերյալ խորհրդաժողով անցկացնել Թուրքիայում։





























