Ֆրանսիան դադարեցնում է նաև Վրաստանի բյուջեին տրամադրվող ուղղակի օգնությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գարսին Բաստիլի գրավման օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։
Ավելի վաղ, ԵՄ-ի ընդհանուր հայտարարությանը հետևելով, նման հայտարարությամբ հանդես էր եկել Գերմանիան։
«Եվրոպական խորհուրդը եկել է այն եզրակացության, որ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը դե ֆակտո կասեցված է։ Սա Վրաստանի կառավարության ընդունած որոշումների արդյունքն է, որի մասին բոլորը գիտեն։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել մեր անմիջական օգնությունը Վրաստանի բյուջեին և մեծացնել քաղաքացիական հասարակությանը ու ԶԼՄ-ների օգնությունը»,- լրագրողներին ասել է դեսպանը, հաղորդում է NGnewsgeorgia-ն:
Գարսին հավելել է, որ «բոլոր ոլորտներում աջակցությունը» վերականգնելու համար Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր կուրսը։
Ըստ ԶԼՄ-ների, ընդունելությանը ներկա է եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հեռացել է միջոցառումից՝ առանց լրատվամիջոցներին մեկնաբանություն տալու։





























