Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականության որակի բարձրացման նպատակով Եվրասիական կայունացման և զարգացման հիմադրամից դրամաշնորհ տրամադրելու մասին» համաձայնագրին::
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ամբողջական ներդրումը կարևոր դեր է խաղում հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման գործընթացում, քանի որ արժանահավատ ֆինանսական հաշվետվությունները հնարավորություն են տալիս գնահատել ինչպես առանձին հանրային հատվածի կազմակերպությունների, այնպես էլ նախարարությունների և պետության ֆինանսական վիճակը ընդհանրապես։ Մասնավորապես, հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի ներդրումը բաղկացած է 3 փուլից՝ առանձին հանրային հատվածի կազմակերպությունների մակարդակում համակարգի ներդրում, նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և պետության մակարդակով համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում։
Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ստանալ դրամաշնորհ՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համախմբման մեթոդաբանության և գործիքակազմի մշակման, ՀՀ առողջապահության նախարարության և նրան ենթակա ՊՈԱԿ-ների համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նպատակով համապատասխան ծրագրային ապահովման մշակման (ձեռքբերման), ինչպես նաև այդ հաշվետվությունները պատրաստող մասնագետների համապարփակ ուսուցման կազմակերպման միջոցով։
Համաձայնագրով ամրագրված են դրամաշնորհի տրամադրման և օգտագործման վերաբերյալ դրույթները, սահմանված են կողմերի իրավունքները և պարտականությունները, տրամադրվող դրամաշնորհի շրջանակում իրականացվող միջոցառումների ժամկետները և այլն։





























