Պակիստանի ՆԳՆ հակաահաբեկչական ստորաբաժանումը ձերբակալել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի առաջնորդներից մեկին՝ Ամին ուլ-Հաքին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով գերատեսչության հայտարարությանը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ամին ուլ-Հաքի դեմ՝ նրան մեղադրելով Փենջաբ նահանգի կարևոր օբյեկտներում լայնածավալ դիվերսիա ծրագրելու մեջ։ «Ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հետախուզական գործակալությունների հետ միասին ձերբակալել է Ամին ուլ-Հաքին՝ Ալ-Կաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենի գլխավոր համախոհներից մեկին», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ամին-ուլ-Հաքը ձերբակալվել է Փենջաբի Սարայ Ալամգիրից: Նա Ուսամա բեն Լադենի մտերիմն է 1996 թվականից և մասնակցել բազմաթիվ ահաբեկչական հարձակումների։ «Ամին-ուլ-Հաքի ձերբակալությունը կարևոր հաջողություն է Պակիստանում և ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ շարունակվող պայքարում», - ընդգծել է CTD-ն:

Միջազգային ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը ​​ոչնչացվել է ԿՀՎ-ի գործողության ժամանակ 2011 թվականի մայիսին Աբոթաբադ քաղաքում (Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգ), որն այնուհետև հանգեցրեց խորը ճգնաժամի ԱՄՆ-ի և Պակիստանի հարաբերություններում: